Jump to content

Ալեքսանդրիայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրիայի ճակատամարտ
Թվականմարտի 21, 1801
Մասն էԵգիպտական արշավանք
ՎայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
ԱրդյունքԲրիտանացիների հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիայի առաջին հանրապետությունՄիացյալ Թագավորություն Բրիտանական կայսրություն
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ
Սըր Ռալֆ Էբերքրամբի

Ալեքսանդրիայի ճակատամարտ, 1801 թվականի մարտի 21-ին տեղի ունեցած ճակատամարտ ֆրանսիական առաջին հանրապետության բանակի և բրիտանական էքսպեդիցիոն կորպուսի միջև[1]։

Տեղի է ունեցել Նիկոպոլի ավերակներից ոչ հեռու, ծովի և Աբուքիր լճի միջև ընկած ցամաքի նեղ շերտի վրա, որով բրիտանական զորքերը Աբուքիրի և Մենդորի մոտ տեղի ունեցած ճակատամարտերից հետո շարժվում էին դեպի Ալեքսանդրիա։

Բրիտանական զորախումբը սըր Ռալֆ Էբերքրամբիի հրամանատարությամբ անշտապ առաջանում էր՝ փակելով ցամաքային պարանոցը։ Մարտի 20-ին բրիտանացիների զորքերը դասավորված էին պարանոցի լայնքով, նրանց աջ թևը դիրքավորվել էր ծովի ու Նիկոպոլի ավերակների մերձակայքում, ձախը մոտեցել էր Աբուքիր լճին։ Ջոկատները բացազատվել էին Ալեքսանդրիայի ուղղությամբ, պահուստային մեկ դիվիզիա՝ գեներալ-մայոր, սըր Ջոն Մուրի հրամանատարությամբ՝ աջից, հետևակ գվարդիան՝ կենտրոնում և երեք այլ ստորաբաժանում՝ ձախից։ Երկրորդ շարքում տեղ էին գրավել երկու հետևակային ստորաբաժանում և բացազատված հեծելազորը։

Մարտի 21-ի գիշերը ժամը 3-ին զորքերը ոտքի հանվեցին, երեքն անց կեսին ֆրանսիացիներն անցան հարձակման։ Ֆրանսիական բանակը Ժակ Ֆրանսուա Մենուի հրամանատարությանբ արագ, թափով առաջ էր շարժվում՝ զորասյուների իր սովորական շարվածքով։ Նրանց գրոհին դիմակայելու հիմնական ծանրությունը բաժին ընկավ Մուրի զորամասերին, մասնավորապես՝ 28-րդ հետևակ գնդին։ Բրիտանացիները ետ մղեցին առաջին գրոհները, բայց ֆրանսիացիները կարողացան մթության մեջ ներթափանցել նրանց երկու գնդերի արանքը։ Թեժ կռիվ ծավալվեց ավերակներում, որտեղ առանձնապես աչքի ընկավ շոտլանդական 42-րդ՝ «Սև պահնորդ» գունդը։ 23-րդ, 40-րդ և 58-րդ գնդերը նույնպես ետ մղեցին ֆրանսիացիներին։ Սակայն երկրորդ գրոհի ժամանակ ֆրանսիական հեծելազորը ծանր կորուստներ պատճառեց 42-րդ գնդին։ Սըր Ռալֆ Էբերքրամբին ստիպված էր ինքն անձանբ նույնպես ձեռնամարտի բռնվել, որի ժամանակ մահացու վերք ստացավ, բայց մինչև վերջ մնաց մարտի դաշտում։ Կենտրոնի վրա հարձակումը գվարդիականները կարողացան ետ մղել, իսկ ձախ թևը առանց մեծ դժվարության պահեց իր դիրքերը, թեպետ ֆրանսիական հեծելազորը, անընդհատ համալրումներ ստանալով՝ նորից ու նորից էր գրոհում։

Ճակատամարտի բրիտանական պլանը

Մոտավորապես ժամը ինն անց կեսին կռվի թափն սկսեց մարել, վերջին կրակոցները հնչեցին ժամը տասին։ Ռազմագիտության մասնագետների, պատմաբանների կարծիքով՝ ճակատամարտի ելքը որոշեց բրիտանական հետևակի համազարկային հաջող կրակը։ Ֆրանսիացիներին նկատելի կորուստներ պատճառեցին նաև կանոներական մակույկներով ափին մոտ դիրքավորված անգլիացի ռազմիկները, որոնք իրենց կրակի տակ էին առել ֆրանսիական զորասյուների համապատասխան թևը։

Ճակատամարտի մասնակիցների, երկու կողմերի կրած կորուստների ճշգրիտ թիվը, սովորականի պես, բանավեճի առարկա է։ Բրիտանացիների կորուստների թվում էր ինքը՝ զորքի հրամանատարը (սըր Էբերքրամբին մահացավ մարտի 28-ին)։ Մուրը և ևս երեք գեներալ վիրավորվել էին։ Իսկ ֆրանսիացիների կրած կորուստներն այնքան զգալի էին, որ դա նրանց ստիպեց նահանջել դեպի Ալեքսանդրիա[2]։

Բրիտանական զորքերն առաջացան դեպի Ալեքսանդրիա և պաշարեցին քաղաքը։ Ֆրանսիական կայազորը ստիպված էր 1801 թվականի սեպտեմբերի 2-ին հանձնվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hawks, Francis Lister. Appletons' Cyclopædia of Biography: Embracing a Series of Original Memoirs of the Most Distinguished Persons of all Times. — D. Appleton & Company, 1865. — P. 5.
  2. Paris pendant l'année 1801, tome XXXI, p.438.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (Ֆրանսերեն) Histoire des Français depuis le temps des Gaulois jusqu'en 1830
  • (Ֆրանսերեն) Histoire scientifique et militaire de l'expédition française en Égypte
  • (Ֆրանսերեն) Journal de l'expédition anglaise en Égypte dans l'année mil huit cent un de Th Walls [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիայի ճակատամարտ» հոդվածին։